Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ, հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար, հետո ձյուն եկավ:
Մի ջահել կնոջ հետ, բոլորովին մենակ մնացած մի կին, խնդրեց չորս գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար, ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում, և ոչ էլ դուդուկը։
- Չէ,- հանկարծ ասաց կինը,- մի փոսը հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են, թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են, չվախենան հանկարծ…
… Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած
սրտերով կանգնել էինք նրա կողքին
և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ…
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ